Դրախտի մի մասնիկ

Գլխավոր / Գլխավոր / Դրախտի մի մասնիկ

19023746_640799069450672_1650787144368264459_oԵրբ FLEX ծրագրի աշակերտները վերադառնում են Հայաստան, մենք միշտ ուրախանում ենք, երբ նրանք սկսում են իրականացնել աշխատանքներ, որոնք ուղղված են իրենց համայնքների զարգացմանը։

Անուշ Պետրոսյանը Դիլիջանում գտնվող իրենց տունը վերածել է փոքրիկ հյուրատան, այսպիսով զարգացնելով տուրիզմը Հայաստանի չքնաղ բնակավայրերից մեկում։

“Հյուրատուն ստեղծելու գաղափարը շատ անսպասելի ծագեց, և այստեղ, ինչպես կյանքիս բոլոր պահերին, FLEX ծրագրի դերը անհերքելի է։ FLEX-ը սովորեցրեց ինձ ավելի լավ հաղորդակցվել մարդկանց հետ, դարձրեց ինձ ավելի ինքնավստահ, ես սովորեցի լուծել խնդիրներ, և ամենակարևորը,  ես ձեռք բերեցի նոր ընկերներ և շրջապատ։ Իրականում, հենց FLEX-ի շրջանավարտ Նորայրը ինձ տվեց հյուրատուն բացելու այս հրաշալի գաղափարը՝ FLEX PDO-ին որպես ուսուցչի օգնական աշխատելու համար վերապատրաստման մեկնելու նախորդ օրը։

Քանի որ ընտանիքս այժմ Երևանում է, և Դիլիջանի մեր տունը դատարկ է, մտածեցի, որ շատ լավ գաղափար է։ Հասկանում էի, որ սկիզբը շատ դժվար է լինելու, բայց նաև գիտակցում էի, որ քրտնաջան աշխատանքիս շնորհիվ կարող եմ հասնել մեծ հաջողությունների և Հայաստանն աշխարհում ավելի ճանաչելի դարձնել։ Նախապատրաստական աշխատանքներն անվերջ էին թվում, տանս յուրաքանչյուր անկյուն փորձում էր դարձնել ավելի հյուրընկալ և ջերմ։ Անում էի ամեն ինչ, որպեսզի հյուրերը կարողանային վայելել Դիլիջանի հիասքանչ բնությունը և տանս հարմարավետությունը։

Այսօր արդեն բազմաթիվ տուրիստներ են բնակվել մեր հյուրատանը՝ աշխարհի տարբեր մասերից։ Սակայն ես գիտակցում եմ, որ դեռևս շատ պետք է աշխատեմ, որպեսզի ավելի և ավելի բարելավվեմ պայմանները։ Մինչ մտածում եմ փոքր խնդիրների մասին, իմ հյուրերը հյուրատունս  անվանում են “Դրախտի մի մասնիկ”:

Աննկարագրելի երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ հանդիպել այսքան մարդկանց աշխարհի բոլոր մասերից, ցույց տամ նրանց իմ հրաշալի քաղաքը։ Ավելի եմ երջանկանում, երբ ավելի շատ մարդ է իմանում, որ աշխարհում գոյություն ունի նման սքանչելի քաղաք։